ՀՀ նախագահը չի ստորագրել «Քրեական դատավարության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրականության առումով խնդրահարույց է համարել Ազգային ժողովի կողմից ընդունված «Քրեական դատավարության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Ազգային ժողովը 2020 թ.-ի հունվարի 22-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության մասին» և «Բանկային գատնիքի մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են բանկային տեղեկատվության բացահայտում։ Մասնավորապես, եթե նախկինում բանկային գաղտնիքը կարելի էր բացահայտել միայն կասկածյալի կամ մեղադրյալի մասին, ապա հիմա թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Սակայն միաժամանակ նախատեսել երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։-0-