Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ վարչապետը հանձնարարել է ընդլայնել հասարակության առանձին շերտերին օժանդակություն տրամադրելու փաթեթը

27.03.2020, 22:21
ՀՀ վարչապետը հանձնարարել է ընդլայնել հասարակության առանձին շերտերին օժանդակություն տրամադրելու փաթեթը
ՀՀ վարչապետը հանձնարարել է ընդլայնել հասարակության առանձին շերտերին օժանդակություն տրամադրելու փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ: 

Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից երեկ հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր: 

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների կանխարգելման միջոցառումների համապարփակ ծրագիրը: Նախատեսվում է աջակվության փաթեթների իրականացում հինգ ոլորտում: 

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։ 

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–