ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է սահմանված կանոնների խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության միջոցների մասին
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում հստակ հետևել Հայաստանի Հանրապետության Պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել Պարետի որոշումով սահմանված դեպքերում:
«Հասարակական տրանսպորտում վարորդները, ինպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:-0-
Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով:-0-