ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով, ասվում է ՀՀ ՊՆ-ի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):
Նրա խոսքով՝ մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։
Նա նաև նշել է, որ զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:
«Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»,- ընդգծել է Ստեփանյանը։
Վերջին տվյալների համաձայն, մարտի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:-0-