Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում Ոստիկանության գվարդիա է ստեղծվում․ գործադիրը հավանություն տվեց նախագծին

02.05.2024, 15:14
Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում
Հայաստանում Ոստիկանության գվարդիա է ստեղծվում․ գործադիրը հավանություն տվեց նախագծին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։

Ոստիկանության գվարդիայի կառուցվածքում նախատեսվում է ներառել ներկայիս ոստիկանության զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները: 

Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև՝ պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում): Կվերանայվեն և կհստակցեվեն Ոստիկանության գվարդիայի կողմից իրականացվող անմիջական գործառույթները: 

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող. «Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»:  

Փոխնախարարի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: 

Մինչև 2025 թ. հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում: