Հայաստանում արդյունաբերական կանեփ կմշակվի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօր կայացած նիստում քննարկեց և ընդունեց նախագիծ տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին:
Ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ծրագրի նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտնեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծվող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:
«Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության բավականին դրական փորձ ունի ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինստանը, մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ լուծելու ենք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ արդյունաբերական կանեփի մշակման հարցը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։
«Շատ կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, որ մարդիկ ու հանրությունը ամբողջական տեղեկատվություն ունենան, թե ինչի մասին է: Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է և տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որն իր հետ իհարկե զուգահեռ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան»,– ընդգծեց վարչապետն` ավելացնելով, որ շատ ուշադիր պետք է ծրագիրը առաջ տանեն:
Ավինյանն իր հերթին նշեց, որ ուսումնասիրվել է Չինաստանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի փորձը, խոսքը վերաբերում է միայն արտադրական կանեփին:
«Դա կբերի հողերի օգտագործմանը, գիտենք, որ մեր մշակվող հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում»,- ասաց փոխվարչապետը:–0–