Հայաստանում ազարտային խաղերի գովազդը սահմանափակվել է օրենքով
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծ «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, առցանց խաղերի և խաղատների մասին» օրենքներում նոր փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Փոփոխությունները սահմանափակում են շահումով խաղերի գովազդի տեղադրումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում, ինչպես ժամանակի, այնպես էլ այն հաղորդումների մասով, որոնցում դրանք արգելված են ցուցադրման համար:
Նախատեսվում է, որ վիճակախաղի ցանկացած կազմակերպչի գովազդը, որը հեռարձակվում է հեռուստատեսությամբ, ներառյալ հովանավորների հիշատակումը, թույլատրվում է երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00–ն:
Ռադիոընկերությունները ներկայացրել են իրենց ոլորտի յուրահատկությունը և խնդրել հնարավորություն ընձեռել գովազդել 08:00-ից մինչև 20:00–ն, հակառակ դեպքում գովազդն անիմաստ է:
Օրինագծում նշվում է, որ այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը` ներառյալ գովազդային ծրագիրը և գովազդային տեղեկատվությունը, չի կարող գերազանցել 3 րոպեն: Մեկ ժամվա ընթացքում այն կարող է հեռարձակվել ոչ ավել, քան երկու անգամ, իսկ ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
Սպորտային միջոցառումների հեռարձակման ժամանակ գովազդը նույնպես արգելված է, կարելի է միայն նշել, որ ընկերությունը հանդես է գալիս որպես հովանավոր:
Ինչ վերաբերում է առցանց ԶԼՄ-ներում ազարտային խաղերի գովազդին, ապա այն չի կարող գերազանցել կայքի կոնտենտի 20 տոկոսը: Գովազդի վրա պետք է անպայման նշվի 21+, արգելվում է նաև նմանատիպ գովազդներում երեխաների նկարահանումն ու մուլտֆիլմերի հերոսների պատկերների օգտագործումը:
Բացի այդ, արգելված է անուղղակի գովազդի հնարավորությունը, ինչպես նաև պրոդակտ-փլեյսմենթը հեռուստածրագրերում, սերիալներում և սքեթչերում:
Արգելվում է նաև ազարտային խաղերի գովազդը շենքերում, հանրային սննդի կետերում և վերելակներում:
Ըստ ընդունված փոփոխությունների, «Գովազդի մասին» օրենքը խախտելու համար նախատեսվում է վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000–ապատիկի չափով (1 մլն դրամ, ինչը համարժեք է 2 հազար դոլարի):-0-