Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում հեպատիտով հիվանդացության մակարդակը նվազում է

26.07.2019, 18:27
Հայաստանում դիտվում է B և C հեպատիտի հիվանդացության նվազում, ինչը պայմանավորված է կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությամբ։
Հայաստանում հեպատիտով հիվանդացության մակարդակը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դիտվում է B և C հեպատիտի հիվանդացության նվազում, ինչը պայմանավորված է կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությամբ, ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

«Եթե պետության կողմից պատվաստումների համալիր և համակարգված ծրագրի ներդրումից առաջ հիվանդացության մակարդակի նվազումը կազմել է 2.5 տոկոս, ապա 1999 թվականից, հատկապես երեխաների շրջանում, գրանցվել է նվազում 140 անգամ` 9.8 տոկոսից մինչև 0.07 տոկոս»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։ 

Աբովյանն ընդգծեց, որ այդ փաստը պատվաստումների անհրաժեշտության, դրանց կարևորության և հեպատիտի կանխարգելման արդյունավետության կարևորագույն ապացույցն է։

Նրա խոսքով, Հայաստանը համարվում է այդ երկու տեսակի հեպատիտի տարածման միջին մակարդակով երկիր։ Այսպես, C հեպատիտի տարածվածությունը կազմում է մինչև 4-5% (մեկ դեպք` 100 հազ մարդու հաշվով), իսկ B հեպատիտինը` 1.5-2 տոկոս (մեկ դեպք` 40-50 հազ մարդու հաշվով), սակայն չափազանց ցածր է նաև բնակչության իրազեկվածությունը հիվանդության կանխարգելիչ միջոցների մասին։

«Խնդիրն այն է, որ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, շատ քիչ են իրազեկ և ախտորոշված քաղաքացիները, ավելի քիչ են բուժվողներն ու բուժվածները։ Արդյունքում Հայաստանի բնակչության միայն 20 տոկոսը գիտի, որ վարակված է»,– ասաց նա։ 

Աբովյանը միաժամանակ նշեց B և C հեպատիտի հիվանդացության հայտնաբերման դեպքերի թվի աճ, ինչը կապված է ախտորոշման և կանխարգելման նոր մոտեցումների հետ։

«Եթե 2017թ.–ին բացահայտվել է հեպատիտ B–ի 400–450 նոր դեպք և հեպատիտ C–ի 711 դեպք, ապա 2018թ.–ին` համապատասխանաբար 698 և 1351 դեպք։ Այս ցուցանիշները վկայում են ոչ թե հիվանդացության աճի, այլ բնակչության իրազեկվածության ավելացման և հետազոտմանը պատրաստ լինելու մասին», – նշեց նա։ 

Աբովյանի խոսքով, վարակվելու պատճառները տարբեր են, սակայն միտումները հիմնականում նույնն են` կոսմետոլոգիական կենտրոններ, բուժհաստատություններ և ստոմատոլոգիական կլինիկաներ։ Վարակվելու պատճառների թվում են նաև թմրանյութերը, դաջվածքները չստուգված սրահներում, էպիլյացիան, տան պայմաններում կոսմետոլոգիակա ծառայությունները։

«Վարակվածության դեպքերի 13%–ը տեղի է ունենում ստոմատոլոգիական, 6%–ը` կոսմետոլոգիական կլինիկաներում և 4%–ը` բուժհաստատություններում։ Այդուհանդերձ, վարակվում են հիմնականում սեռական ակտի և արյան միջոցով` թմրանյութերի օգտագործման ժամանակ», – նշեց նա։

Խոսելով հիվանդներին տրամադրվող պետական աջակցության մասին` Աբովյանը հիշեցրեց, որ կառավարությունը մայիսի 30–ին որոշում է կայացրել հատկացնել լրացուցիչ սուբսիդավորում այս հիվանդության բուժման համար։Հեպատիտ В–ն վիրուս է, որը, հայտնվելով օրգանիզմում, սկսում է բացասաբար ազդել կենսական կարևոր օրգանների վրա։ Այս հիվանդությունից ամեն շատը տուժում է լյարդը, որն ախտահարվում է միկրոբջջային մակարդակի վրա։ Հեպատիտ В–ն կարող է ընթանալ առանց ախտանիշների և կարող է ուղեկցվել վառ արտահայտված ախտանիշներով։ Անցնելով քրոնիկ փուլ` այս ինֆեկցիոն հիվանդությունը հաճախ հանգեցնում է լյարդի ցիրոզի և քաղցկեղի։

Հեպատիտ C–ն հեպատիտ C-ի վիրուսով (HCV) առաջացած վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ազդում է լյարդի վրա։ Վարակի նախնական փուլը մարդկանց մոտ լինում է հաճախ մեղմ կամ անախտանիշ: Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ և մաշկի դեղնություն. Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ: Քրոնիկական վարակի նախնական շրջանում սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում: Տարիների ընթացքում այն հաճախ հանգեցնում է լյարդի հիվանդության և երբեմն՝ ցիրոզի: Որոշ դեպքերում, ցիրոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները: Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։–0–