Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում, հնարավոր է, կրճատվի մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողի աշխատանքային ժամը

06.05.2019, 17:42
Հանրության քննարկմանն է ներկայացվել Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Հայաստանում, հնարավոր է, կրճատվի մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողի աշխատանքային ժամը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հանրության քննարկմանն է ներկայացվել Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված փաստաթղթում առաջարկվում է, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն ստանա աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը», – նշվում է կայքում։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Հայաստանում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը», - նշվում է փաստաթղթում։»

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, քանի որ հիշյալ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը։–0–