Հայաստանում, հնարավոր է, ներդրվի տուգանքների բալային համակարգ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների բալային համակարգը կարող է ուժի մեջ մտնել մինչև տարեվերջ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկված փոփոխություններով, նախատեսվում է տուգանային միավորների համակարգի կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։
«Օրինագիծն արդեն ուղարկվել է կառավարության քննարկմանը, ու նախատեսվում է, որ մինչև 2019թ.–ի վերջ խորհրդարանը կքննարկի փոփոխությունները և դրանք կմտնեն ուժի մեջ», – ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, պատասխանատվության միջոցների խստացումը կհանգեցնի ՃՏՊ–ների թվի նվազման։
Նա նաև նշեց, որ Հայաստանում ՃՏՊն–երի թիվն ավելանում է, ինչն ունի տարբեր պատճառներ։ Մասնավորապես, 2018թ.–ին Հայաստանում գրանցվել է 5950 ՃՏՊ (576–ով կամ 16,3%–ով ավել` 2017թ.–ի ցուցանիշի համեմատ), որոնց հետևանքով զոհվել է 343 մարդ (64 մարդով ավել), ևս 4111–ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
«2019թ.–ի առաջին եռամսյակում վիճակագրությունը փոքր ինչ դրական է, ՃՏՊ–ների հետևանքով մահացու ելքերի թիվը նվազել է 14 մարդով` 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ մինչև 16 տարեկան երեխաների մասնացկությամբ ՃՏՊ–ներում զոհերի թիվը կրճատվել է երեք անգամ», – ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, 2019թ.–ի առաջին եռամսյակում, 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է մահացու ելքով ՃՏՊ–ների թիվը։ Եթե ավելի վաղ հազար ՃՏՊ–ին բաժին էր հասնում 65–66 մահ, ապա 2019թ.–ի առաջին եռամսյակում այդ թիվը կազմում է 42, ինչն արդեն լավ ցուցանիշ է։
«Զսպող մեխանիզմներից մեկը կլինի հենց բալային համակարգի ներդրումը։ Մենք նաև առաջարկում ենք նորագույն ինժեներական լուծումներ արագության գերազանցման ռիսկերի նվազեցման, խելացի խաչմերուկների ներդրման միջոցով երթևեկությունը կարգավորելու համար», – ասաց Կարապետյանը։–0–