Հայաստանում ուժեղ քամի է սպասվում, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը զգուշացնում է Հայաստանում սպասվող ուժեղ քամու մասին։
«Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Հիդրոօդերևութաբանության կենտրոնին, Երևանում սպասվում է մինչև 25մ/վ արագությամբ քամի։
Նշենք, որ քամու ուժը բնության մեջ չափում են Բոֆորտի 12 բալանոց սանդղակով: 17,2 – 20,7 մ/վրկ արագությամբ քամին համարվում է շատ խիստ, իսկ 20,8-24,4մ/վրկ -ն արդեն փոթորիկ է, որի ժամանակ հնարավոր են աննշան ավերածություններ, տների տանիքներից կարող են պոկվել կղմինդրներ։ Եթե 12 բալլ ուժգնության դեպքում քամու արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի, դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը։–0–