Հայաստանում վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը. նախարարությունից պարզաբանում են
31.01.2023,
12:18
Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն սահմանվելու է թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ:
Ըստ այդմ՝
Ըստ այդմ՝
- փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն ֆունկցիոնալության գնահատում՝ ներկայում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն․ սա հնարավորություն կտա բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։
- գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն սահմանվելու է թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:
- կձևավորվի մասնագետների ռեեստր, որի արդյունքում կգործեն ոչ թե մշտական, այլ յուրաքանչյուր դեպքի համար առանձին ձևավորվող հանձնաժողովներ՝ պատահականության սկզբունքով։
- անձի ֆունկցիոնալության գնահատմանը կմասնակցեն ոչ միայն բժիշկներն, այլ հարբժշկական մասնագետները (նրանց թվում օրինակ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և այլք)։
- Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 նոր կենտրոններում։–0–