Հայաստանը կորոնավիրուսի հաղթահարման փուլում է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է:
Այս մասին այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին: Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը`ցավակցություն հայտնելով մահացածների հարազատներին:
Նա նշեց, որ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել։
«Ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում: Եթե այս թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը», – ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց, որ տեղյակ է, որ շատ մեր քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների որոշակի թուլացումներ։
«Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է։ Որևէ մեկը կառավարությունից ավելի շահագրգռված չէ այդ հարցում։ Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք», – նշեց վարչապետը:
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ:–0–