Հիշում ենք և պահանջում․ աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը

Հիշում ենք և պահանջում․ աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամեն տարի ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը հիշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ 2024թ.–ին նշվում է ողբերգության 109–րդ տարելիցը, որի ժամանակ զոհվեց մոտ 1,5 մլն հայ։

Ամեն տարի այդ օրը հանրապետության ղեկավարությունը տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ցեղասպանության պատմությունը

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։
Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից, բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում՝ կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանության պահպանման նպատակով կայսրության կառավարությունը իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Այն հեշտությամբ, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխները աշխարհի տարբեր ծայրերում գտնվել և ոչնչացվել են հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլք։

Միջազգային ճանաչում

Հայերի ոչնչացումն առաջին անգամ արժանացավ միջազգային արձագանքի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ (1915թ.–ի մայիս), որտեղ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող վայրագությունները բնորոշվեցին որպես «նոր հանցագործություններ մարդկության և քաղաքակրթության նկատմամբ»։

Գերտերությունները զգուշացրեցին Թուրքիային այդ հանցագործության համար նախատեսվող պատասխանատվության համար։ Հայերի հետ կապված իրավիճակի մասին որոշումներ են ընդունվել ԱՄՆ Սենատի կողմից 1916, 1919, 1920թթ.–ին։

1915թ.–ի սահմռկեցուցիչ ողբերգությունը ճանաչող և դատապարտող աշխարհում առաջին հատուկ դեկրետն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանը 1965թ.–ի ապրիլի 20–ին։ Հայոց ցեղասպանության մասին օրենքներ և որոշումներ հետագայում ընդունեցին Եվրախորհրդարանը, Ռուսաստանի Պետական Դուման, այլ երկրների խորհրդարանները, մասնավորապես, Չիլին, Ավստրիան, Կիպրոսը, Արգենտինան, Կանադան, Հունաստանը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Գերմանիան, Վենեսուելան, Լիտվան, ինչպես նաև Վատիկանը։

Բազմաթիվ երկրներ մինչ օրս շարունակում են ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող, ինչպես նաև ժխտումը քրեականացնող բանաձևեր։ 2015թ.–ին` Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, սկսվեց ճանաչման նոր ալիք։ Համապատասխան հայտարարությամբ հանդես եկան Չիլիի և Ավստրիայի խորհրդարանները, Գերմանիայի նախագահը վայրագություններն անվանեց Ցեղասպանություն։

Այդուհանդերձ, Օսմանյան կայսրության իրավաջահորդը` ներկայիս Թուրքիան, շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը` սուր արձագանքելով այդ հանցագործության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, օգտագործելով դիվանագիտական ճնշման մեթոդներ խորհրդարանների և անգամ երկրների նկատմամբ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

09:54 24.04.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×