Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Հրապարակվել են հունվարի 1–ից նախատեսված տրանսպորտի նոր սակագները․ փոխքաղաքապետը փորձեց պարզաբանել թանկացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14.11.2024, 11:50
Փոխքաղաքապետը փորձեց մեկնաբանել հունվարի 1–ից նախատեսված տրանսպորտի շոկային սակագները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հրապարակվել են հունվարի 1–ից նախատեսված տրանսպորտի նոր սակագները․ փոխքաղաքապետը փորձեց պարզաբանել թանկացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում տարածվում է աղյուսակ, որտեղ ներկայացված են 2025թ․–ի հունվարի 1–ից Երևանի հասարակական տրանսպորտի սակագները։ Ըստ աղյուսակի, 1 օրվա տոմսի արժեքն է 900 դրամ , 7 օրը՝ 5000 դրամ, ամսական տոմսը՝ 9000 դրամ, 90 օրվա տոմսը՝ 24000 դրամ, 365 օրը՝ 90000 դրամ։

Հանրային հեռուստաընկերության եթերում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հաստատեց, որ իսկապես հունվարի 1–ից 880 դրամով (900 դրամ պլաստիկ քարտի դեպքում) կարելի է գնել օնլայն ուղետոմս օրվա ընթացքում անսահմանափակ ուղևորությունների համար։

«Զեղծարարությունից խուսափելու համար որոշակի սահմանափակում ենք դնում, օրինակ 9–10 ուղևորություն։ Բարեխիղճ ուղևորն այդ սահմանափակումը չի զգա» – փորձեց պարզաբանել Գրիգորյանը։

Hraparakvel_en_hunvari_1_ic_nakhatesvac_transporti - рис.1

Նշվեց, որ խոսքը առցանց տոմսերի մասին է, որոնք 20 դրամով (օրական կտրվածքով) ավելի էժան են, քան ֆիզիկական կրիչներով տոմսը։

Ինչպես նշեց փոխքաղաքապետը, նշված սակագնային փաթեթները նախատեսված են այն քաղաքացիների համար, ովքեր շատ հազվադեպ են օգտվում հասարակական տրանսպորտից կամ զբոսաշրջիկների համար։

«Մեր կանխատեսումներով, խելամիտ է ենթադրել, որ նրանք հաճախ չեն օգտվելու հիմնական փաթեթներից, որոնցից ամեն օր օգտվում են մեր քաղաքացիները։ Հիմնական փաթեթներն են ամսականը, եռամսյակայինն ու տարեկանը», – ասել է Գրիգորյանը։

Դիտարկվեց մարզերի բնակիչների հարցը, ովքեր որոշ ժամանակով գալիս են Երևան։ Այս կապակցությամբ փոխքաղաքապետը նշեց, որ օրական 880 դրամ վճարն այնքան էլ մեծ ծախս չէ։

Գրիգորյանը նոր սակագները բացատրեց հասարակական տրանսպորտի սուբսիդավորումը կրճատելու անհրաժեշտությամբ։

«Եթե այս տարի մենք տրանսպորտը սուբսիդավորել ենք 8,5մլրդ դրամով, ձեռք ենք բերել 8,5 մետրանոց 171 նոր ավտոբուս և հաջորդ տարի նախատեսում ենք գնել 18 մետրանոց ևս 250 ավտոբուս, ապա այդ ծախսերը կավելանան։ Մենք ասում ենք, որ անհնար է, որպեսզի նման  ահռելի ծախսերը գնան միայն հանրային տրանսպորտի սուբսիդավորմանն այն պայմաններում, երբ քաղաքը հազար ու մի կարիք ունի, և մեր քաղաքացին էլ է հազար ու մի հարց բարձրացնում և դրան լուծում պահանջում», – հայտարարել է փոխքաղաքապետը։

Նա ընդգծել է, որ քաղաքապետարանը չի հրաժարվում հանրային տրանսպորտի սուբսիդավորումից, բայց նորմա չէ ծախսել այսքան հսկայական գումար այդ նպատակներով, չէ որ կան ոչ պակաս կարևոր ոլորտներ, որոնք պահանջում են ֆինանսավորում՝ տարածքների կանաչապատում, գծանշումների թարմացում, մանկապարտեզների վերանորոգում և այլն։

«100 դրամը «ԳԱԶԵԼ»–ների գինն էր։ Այսօր շահագործվող շարժակազմը չի կարող նույն գինն արժենալ», – ասել է Գրիգորյանը։

Նա ավելացրել է, որ երևանցիների որոշ կատեգորիաների համար կլինեն արտոնություններ, որոնք կքննարկվեն Ավագանու խորհրդի կողմից և ուժի մեջ կմտնեն հունվարի 1–ից։

Միասնական տոմսային համակարգ

Հիմա Երևանում ավտոբուսի և մետրոյի մեկ ուղետոմսն արժե 100 դրամ, տրոլեյբուսը՝ 50 դրամ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2025թ․–ի հունվարի 1–ից միասնական տոմսային համակարգի լիարժեք ներդրման դեպքում նախատեսված են հետևյալ սակագները․

– Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից մեկանգամյա օգտվելու դեպքում․

 «90 րոպե» տոմս - 280-300 դրամ՝ 3 ուղևորության համար

1 օրը 880-ից 900 դրամ՝ 8 ուղևորություն

4800-5000 դրամ՝ 7 օրվա համար՝ 30 ուղևորություն

– Անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն․

8800–9000 դրամ՝ 30 օր

23 600 – 24 000 դրամ՝ 90 օր

88 000 – 90 000 դրամ՝ 365 օր

– Բազմակի օգտագորման  տոմս՝ 2100–2200 դրամ՝ ամսական 10 ուղևորություն։