Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՃՈ խախտումների համար կներդրվի բալային համակարգ, որոշ խախտումների դեպքում կկիրառվի կալանք

16.05.2019, 17:17
Նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել «զանցանք–տուգանք» համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը։
ՃՈ խախտումների համար կներդրվի բալային համակարգ, որոշ խախտումների դեպքում կկիրառվի կալանք

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ 

Օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել «զանցանք–տուգանք» համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը։

«Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով», – նշել ՀՀ փոխոստիկանապետը։

Նրա խոսքով, այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվեն 2,7 մլրդ դրամով։

«Տուգանքների չափերի բարձրացումն այլևս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը։ Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձևավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք: Բարձր տուգանքները նաև ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա», – նշեց Քոչարյանը։

«Վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է: Տուգանային միավորի չափը սահմանվում է` ելնելով հանրային վնասակարության աստիճանի», – ասաց ՀՀ փոխոստիկանապետը։ 

Նրա խոսքով, եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառմանը, ապա կիրառվելու է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է և նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք։

Միաժամանակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն և ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը: Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 և պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

ՀՀ փոխոստիկանապետը նաև նշեց, որ որոշ իրավախախտումներ կքրեականացվեն։

«Վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ կալանք`մինչև 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով», – նշել Քոչարյանը։ 

Օրենքի ուժի մեջ մտնումը նախատեսվում է 6 ամսից։–0–