Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցների ֆինանսավորման կրճատման լուրերը

16.02.2021, 21:57
Տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությունը դպրոցներին է ուղարկել գրավոր ծանուցումներ  ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցների ֆինանսավորման կրճատման լուրերը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. ԿԳՄՍ–ում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում։

Այս մասին հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությունը դպրոցներին է ուղարկել գրավոր ծանուցումներ  ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին։ Խոսվում էր, որ դա կարող է հանգեցնել բողոքի զանգվածային ակցիաների։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ քաղաքապետարանը չի որոշում դպրոցների ֆինանսավորման ծավալներ, հետևաբար` չի կարող փոխել դրանք։

ԿԳՄՍ–ից իր հերթին հայտնել են, որ բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 30-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2215-Ն որոշմամբ հաստատված չափաքանակով,  ամբողջ ծավալով։

«Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ սուբսիդիայի տրամադրման պայմանագրերն ու հաստատել նախահաշիվները։ Նախարարությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում», – նշել են ԿԳՄՍ–ից։–0–