ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է ուսումնական տարվա մեկնարկի պայմանները
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ուսումնական տարին կմեկնարկի առկա եղանակով:
Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով՝ փորձելու են այնպես անել, որ ամբողջ տարին դասերն անցկացվեն առկա ձևաչափով:
«Բայց պետք է հասկանանք, որ առկա ուսուցման պահպանումը նաև կախված է մեզնից, մեր վարքագծից, թե մենք ինչքանով կպահպանենք հակահամաճարակային կանոնները, և ինչքանով կկարողանանք այդ իրավիճակում, առկա ուսուցման ձևը դարձնել միակ ձևը այս պայմաններում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ առկա ուսուցումը շարունակվելու է այն կանոնների պահպանմամբ, որոնք արդեն գործում էին նախորդ տարվանից: Եվ սա նշանակում է, որ դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ, դպրոցներում էլ ախտահանման գործընթացը պարբերաբար բնույթ պետք է կրի:
«Միջազգային մեր գործընկերների հետ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի դպրոցներին ապահովվենք անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչներով, որպեսզի այս անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և տրամադրումը լրցուցիչ բեռ չլինի դպրոցների համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:
Դեռ նախորդ տարի հրաման եղավ, ըստ որի մեկ դասարանում կարող էին սովորել 20-ից ավելի աշակերտներ:
Անդրեասյանի խոսքով՝ իրենք շարունակելու են այս ձևաչափով անցկացնել ամբողջ ուսումնական տարին: Այսինքն դպրոցները պետք է դիմեն նախարարություն, և համապատասխան կանոնների պահպանման դեպքում, կարող են անցնել ամենօրյա ուսուցման գործընթացին: Եվ դասապրոցեսն այլևս չեն իրականացնի օրումեջ սկզբունքով՝ ինչպես նախորդ տարի էր:
«Դիմելու գործընթացը տեղի է ունենալու այսպես: Մարզպետարանի ենթակաության տակ գտնվող դպրոցները դիմում են մարզպետարան,իսկ մեր ենթակայության տակ գտնվող դպրոցները, ուղիղ դիմում են մեզ: Համաձայնություն տալու համար մենք կդիտարկենք դպրոցում վարակվածների ընդհանուր դեպքերի թիվը, առկա իրավիճակը, և հաշվի առնելով այս գործոնները, կկարողանանք հասկանալ՝ որն է ճիշտ ձևը»,-ասաց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով, չնայած դասերը առկա ձևաչափով մեկնարկելուն, դեռևս շարունակվում է պահպանվել դպրոցի ժամանակավոր հեռավար ուսուցման տարբերակը: Դասապրոցեսը կարող են այս ձևաչափով ևս անցկացնել, եթե վարակվածների թիվը դպրոցում լինում է 10% և ավելի:
Անդրեասյանն անդրադարձավ նաև այն թեմային, թե ինչպես է կազմակերպվելու առաջին դասարանցիների մուտքը դպրոց։
«Առաջին դասարանցիների մուտքը դպրոց կկազմակերպվի մեկ օր շուտ», – ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով, որպեսզի մեծ կուտակումներ չլինեն, և կարողանան ապահովել երեխաների մուտքը դպրոց, առաջարկում են, որպեսզի առաջին դասարանցիների մուտքը դպրոց կազմակերպվի բացօթյա:
«Հնարավորինս պետք է սահմանափակենք մեկ երեխային ուղեկցողների թիվը, և պահպանենք մյուս բոլոր կանոնները, որոնք գործում են: Այսինքն դպրոցները կարող են առաջին դասարանցիների մուտքը կազմակերպել օգոստոսի 31-ին, իսկ սեպտեմբերի 1-ին արդեն բոլորին դպրոց գնալու հնարավաորություն տան»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Անդրեասյանը հավելեց նաև, որ դպրոցն է որոշելու՝ անցնել հնգօրյա թե վեցօրյա ռեժիմին: Այսինքն որևէ պարտադրանք չի դրվելու դպրոցների առջև: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դպրոցները կորոշեն, թե ինչ ռեժիմով անցկացնեն շաբաթը:
Փոխնախարարը նաև նշեց, որ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա:
Նրա խոսքով՝ ընդունելության վերջնական թվերը դեռ ճշգրտվում են:
«Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը: Ծնողները հայտագրումից հետո պայմանագիր ստորագրելու փուլ են անցնում: Այնպես, որ հստակ թվերը կհրապարակվեն մինչև սեպտեմբերի սկիզբ»,- նշեց Անդրեասյանը:–0–