Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների դեպքում կստանան 10%-ի չափով հետվճար

19.05.2022, 14:33
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագծին
Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների դեպքում կստանան 10%-ի չափով հետվճար

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագծին։

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում կենսաոշակառուները և նպաստառուներն իրենց քարտերով անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելու դեպքում հաջորդ ամիս 10 տոկոսի չափով հետվճար կստանան: 

«Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից: Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ ծախսերի վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով:

Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ:

Մինչև հունիսի 1-ը կհրապարակվի գործընկեր բանկերի ցանկը:

Նախարարը հայտնեց նաև, որ կան բանկեր, որոնք արդեն հստակ միանալու են նախագծին: Քաղաքացիները կկարողանան դիմել և միանալ այն գործընկեր բանկին, որը կդառնա կառավարության միջոցառման գործընկերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հիմա այս ծրագիրը փորձնական է արվում` 6 ամսով:

«Ծրագիրը կսկսի աշխատել, կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան: Եվ դրանք հընթացս գուցե լավարկենք», – նշեց վարչապետը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ, եթե թոշակառուն ուզում է անկանխիկ վճարելով 10 տոկոսի հետվճարը հետ ստանալ, թոշակը ստանալու առաջին օրերին պետք է կանխիկացում չանեն, քանի որ, եթե գումարը հանում են, մուտք անել այլևս հնարավոր չէ այդ քարտերին:–0–