Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կիևյան կամրջի ամբողջական նորոգման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 502 մլն դրամ (ՎԻԴԵՈ)

12.03.2024, 10:32
Ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի․ ՎԻԴԵՈ
Կիևյան կամրջի ամբողջական նորոգման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 502 մլն դրամ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Երևանի Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել 1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին:

Վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել։

«Ուսումնասիրություններից պարզվեց, որ ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով ներքին հատվածում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ և՛ կոռոզիայի բնույթի, և՛ բետոնե շերտի քայքայման»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետարանը կամրջի նորոգման նախագիծն սկսեց 2023-ին՝ երկու փուլով: Կամրջի սպասարկման համար առաջնահերթ նորոգվել են հենարանների միջև աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ:

«Վերանորոգելու ենք կամրջի հենարանների իրանների արտաքին և ներքին մակերեսները: Իջնելուց հետո հենարանների մեջ պարզվեց , որ ներքին հատվածը ևս վնասված է, վերանորոգում ենք թռիչքային կառուցվածքի կամարներն ամբողջությամբ»,-նշում է կամրջաշինական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:

Կամրջի երթևեկելի մասում այսօր կան փոսեր, ճաքեր, վնասված են դեֆորմացիոն կարերը, քայքայվել են միացումները:

Ամբողջ դեֆորմացիոն կարը միաձույլ բետոն է արվում: Դրա համար հատուկ նյութ ենք օգտագործում: Մայթի հատվածը երեսապատվում է բազալտով և բարձրացվում ամբողջությամբ, նաև նախագծով մետաղական արգելապատնեշ է դրվում»,-մանրամսնում է Մինասյանը:
Նորոգման ընթացքում կփակվի կամրջի երթևեկելի հատվածն ամբողջությամբ, թե մասնակի՝ մասնագետները դեռ քննարկում են: Կանեն ամեն ինչ, որ և՛ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառեն, և՛ աշխատանքները որակով արվեն:

Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը: «Անցումների մի հատվածը վերածվել էր ռեստորանային համալիրի, որը հիմա արդեն չի գործում, բայց պահեստային բնույթ ունի: Այդ հատվածում էլ արդեն նորոգման աշխաանքներ ենք իրականացնելու, որպեսզի անցումը լիարժեքորեն գործի և մեր բնակիչները կարողանան արդեն կամուրջը շրջանցել ստորին հատվածով»,-ընդգծում է Տիգրան Գեղամյանը:

Մեկնարկել է դեպի կիրճ իջնող աստիճանների նորոգումը, կնորոգվեն ու կմշակվեն նաև թուջե բազրիքները:

Կիևյան կամրջի շինարարական աշխատանքների պայմանագրային ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է: Ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի: Ավարտին Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցը՝ 60 մ բարձրությամբ ու 351 մ երկարությամբ կամուրջը կդառնա առավել անվտանգ:–0–