Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի սպանության վարույթով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է. հայտնի է շարժառիթը

12.01.2024, 13:36
Ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ
Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի սպանության վարույթով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է. հայտնի է շարժառիթը
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մասնավորապես քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։

Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–