ՊԵԿ-ը կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը «Սպայկայի» գործով
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պետեկամուտների կոմիտեն կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը «Սպայկայի» գործով և անօրինական ազդեցություն չգործադրել նախաքննության ընթացքի վրա։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչը երկուշաբթի բավարարվել է։
Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։
«Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է: Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա», – նշվում է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ:
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-