Պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում», – հայտնել է նա Facebook–յան իր էջում:
«Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետևանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100–ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։ Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները», – նշել է նա:
Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ:–0–