Փաշինյան. կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցերին կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման ժամանակ։
«Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ։ Բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այսինքն սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում», – հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ աս մեխանիզմն անցումային արդարադատության էլեմենտ է։
«Կա որոշակի մեխանիզմ, որ մարդն իր գույքի ծագումը պետք է բացատրի, և այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ այս դեպքում գործում է, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը։ Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի», – նշեց ՀՀ վարչապետը։–0–