Փաշինյանի խորհրդականը մեկնաբանել է «Պոբեդայի» հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը մեկնաբանել է Գյումրի նախատեսված չվերթերը դադարեցնելու մասին «Պոբեդա» լոուքոսթերի հայտարարությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ–ը, հղում անելով ավիաընկերության աղբյուրին, «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի իրականացվող չվերթերը։ Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։
Ճաղարյանի խոսքով, ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:
«Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի», – նշել է Ճաղարյանը Facebook–յան իր էջում:
Որպես եզրակացություն նա ներկայացրել է երեք տարբերակ։
Ճաղարյանի խոսքով, ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:
«Որոշել են իրենք էլ օգտվեն Դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: Ու «պատահաբար» էդ ցանկությունը համընկավ «Արմենիա» ավիաընկերության դեպի Մոսկվա թռիչքները սկսելու հե՞տ: Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա», – ընդգծել է Ճաղարյանն`ավելացնելով, որ կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:
Վարչապետի խորհրդականի խոսքով, նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ:
«Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Ւսկ իրենք բազմաթիվ շնորհակալագրեր են շռայլել «Շիրակ» օդանավակայանին սպասարկման որակի վերաբերյալ: Հետո` նրանք Գյումրիում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը։ Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը», – նշել է Ճաղարյանը` հավելելով, որ այս իրավիճակը զգայուն ազդակ է մեր ընկերությունների մուտքը սեփական շուկա ապահովելու և նրանց պոբեդաների հետ մրցակցության անօրինական մեթոդներից պաշտպանելու համար:
«Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա: Հայաստանը պետք դառնա ավիացիոն փոխադրումներ կատարող ինքնաբավ երկիր: Եվ ոչ 5 կամ 10 տարի հետո:
Մեր շուկայի կարգավորման միակ գրավականը հայկական ավիաընկերություններն են», – եզրափակել է Ճաղարյանը:–0–