Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյանի մոտ քննարկվել են կրթության ոլորտին, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլեր

18.04.2020, 21:19
Փաշինյանի մոտ քննարկվել են կրթության ոլորտին, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլեր
Փաշինյանի մոտ քննարկվել են կրթության ոլորտին, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլեր

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ 

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: 

Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը և ներկայացնել վերջնական տարբերակ։ 

Հաջորդիվ ամփոփվել են կառավարության հաստատած 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։ 

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ խնդիրներին արագ լուծում տալու, միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու և նախատեսված օժանդակությունը շահառուներին լիարժեք տրամադրելու համար։

Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ: Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և համապատասխան հանձնարարականներ տվել: 

Քննարկվել են տնտեսվարողների գործունեության խրախուսմանը վերաբերող մի շարք գաղափարներ:–0–