Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը մանրամասներ է հայտնում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու մասին և առաջարկում չեղարկել Մարտի 1–ի երթը (ՎԻԴԵՈ)

01.03.2020, 10:06
Փաշինյանը մանրամասներ է հայտնում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու մասին և առաջարկում չեղարկել Մարտի 1–ի երթը. ՎԻԴԵՈ

Փաշինյանը մանրամասներ է հայտնում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու մասին և առաջարկում չեղարկել Մարտի 1–ի երթը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին», – նշել է Փաշինյանը` հավելելով, որ հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։

ՀՀ վարչապետի խոսքով, այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

«Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաև, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես և նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ և չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, Թեհրանում և օդանավի մեջ բոլորը ուղևորները եղել են դիմակներով, օդանավից և օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

«Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձևակերպել է պացիենտի և նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով և բժշկական ձեռնոցներով։ Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն և տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն և նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։
Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել», – ավելացրել է վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի և կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։

«Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաև կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները», – նշել է Նիկոլ Փաշինյանը։–0–