Գործող «կապույտ» անձնագրերը ուժի մեջ կմնան մինչև վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քաղաքացիների գործող «կապույտ» անձնագրերը կշարունակեն գործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Քաղաքացիները կարող են ցանկացած պահի դիմել և ստանալ նոր կենսաչափական անձնագիր։ Նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացու նախկին անձնագրերը կճանաչվեն անվավեր, քանի որ անձը չի կարող միաժամանակ ունենալ մեկից ավելի անձնագիր։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշել է, որ կենսաչափական անձնագիրը միայն էլեկտրոնային կրիչով՝ չիպով փաստաթուղթ չէ։ Հայաստանը գործընթաց է սկսել ICAO-ի Public Key Directory (PKD) համակարգին միանալու համար, որի շրջանակում երկրները փոխանակում են անձնագրերի անվտանգության թվային տվյալներ։
Այդ համակարգը թույլ է տալիս սահմանային վերահսկողության ընթացքում արագ ստուգել փաստաթղթի իսկությունը, բարձրացնել անվտանգության մակարդակը և հեշտացնել քաղաքացիների միջազգային տեղաշարժը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Նոր անձնագիրը կունենա կարմիր երանգ։