Փոխվարչապետ. շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրըշ լուծելու համար
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրըշ լուծելու համար։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Քիչ առաջ կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար կտրամադրվի շուրջ 1,5 միլիարդ դրամ: Նշեմ, որ 2009թ.-ից ի վեր այս ուղղությամբ ոչինչ չէր արվել: Այսպիսով լուրջ քայլ ենք կատարում ավելի քան 30 տարի ձգվող խնդրի լուծման և մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար», – նշվում է Ավինյանի գրառման մեջ:
Ինչպես հայտնում են կառավարությունից, կառավարությունը որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:
Նախագծի ընդունման նպատակներն են սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության, վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը:
«Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները», – նշում են կառավարությունից:–0–