Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար

13.10.2023, 10:11
Փաշինյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզի հայրենակիցների հետ շատ ակտիվ պետք է աշխատեն, որովհետև Ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա
Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարության նախօրեի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի հետ կապված խնդիրներին:

«Այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք՝ Ներքին գործերի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը: Ես արդեն հանձնարարականներ տվել եմ, և ըստ անհրաժեշտության նաև իմ մասնակցությամբ քննարկում կլինի: Գեղարքունիքի մարզի մեր սիրելի հայրենակիցների հետ շատ ակտիվ պետք է աշխատենք, որովհետև Ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա: Մենք չենք ուզում որևէ մեկի համար պրոբլեմներ ստեղծել, չափազանցված գործողություններ անել, այս փուլում շատ կարևոր է, որ մենք խոսենք մարդկանց հետ, հասկանանք նրանց կարիքները», - ասել է վարչապետը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ Սևանա լճում ձկնային պաշարները պարզելու համար աշխատանքներ են տարվում չեխ գործընկերների հետ. «Ցանցային միջոցով ուսումնասիրությունների արդյունքներն ունենք: Այն վկայում է, որ Սևանա լճում մանրաձկի և ձվադրող վտառի պաշարը բավարարող է, լավ է: Թվային ճշգրիտ տվյալները կունենանք դեկտեմբեր-հունվարին»:

Վարչապետը նշել է, որ Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք Սևանա լճի ձկնային պաշարները գնահատելու և տարեկան քվոտաներ սահմանելու հետ կապված: Մենք պետք է ուսումնասիրենք, խոսենք նաև ժողովրդի հետ, ճիշտ քվոտաներ և գներ սահմանենք: Քվոտաների և ճիշտ գնային քաղաքականությունը կօգնի, որ ձկնորսները, գուցե, ավելի քիչ ձուկ որսալով՝ նույնքան գումար վաստակեն»:

Ըստ վարչապետի՝ անտրամաբանական է, որ սիգ ձուկը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտի մեջ է, հակառակը պետք է լինի, որովհետև այն ձևավորվում է բնական միջավայրում:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սևանի ձկան վերարտադրության համար ձեռնարկվող միջոցառումների նպատակն է, այն դառնա արդյունաբերական ոլորտ և երկարաժամկետ ծառային ՀՀ-ին, մարզի ժողովրդին և ձկնորսությամբ զբաղվողներին. «Այսինքն ՝ մեր խնդիրն այն է, որ պաշարները խելամիտ օգտագործվեն՝ երկարաժամկետ, ռացիոնալ, մարդկանց էլ եկամտի աղբյուրներից չզրկենք»:

Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հունվարի 1-ից ձկնարդյունաբերողները փակ ցիկլով պետք է աշխատեն և նշել, որ այդ ուղղությամբ էլ արդյունավետ աշխատանք պետք է իրականացվի:

Հակոբ Սմիդյանը նշել է, որ վերջինիս վերաբերյալ համապատասխան օրենսդրությունը պատրաստ է, մնացել է սահմանել 1 կարգ, հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի:–0–