Շուրջ 190 մլն դրամ կծախսվի Երևանյան լճի տարածքում հանգստի գոտի կառուցելու համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Շուրջ 190մլն դրամ կծախսվի Երևանյան լճի տարածքում հանգստի կառուցելու ծրագրի շրջանակում։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հիմա Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից։
Արդեն մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը:
«Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի: Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Facebook–յան իր էջում, Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը կանխարգելելու նպատակով:
«Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր», – նշել է քաղաքապետը:
Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի:
Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են. առաջիկայում հանգստյան գոտիների վերականգնման մի քանի նախագծեր ևս ավարտին կհասցվեն:–0–