Շուրջ 90 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել «Հայաստան» հիմնադրամում իրականացրած վերահսկողության արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ, հաղորդում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը:
Գերատեսչության կողմից Հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցերի նկատմամբ:
«Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամին և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին իրականացվել են առաջարկություններ www.armeniangenocide100.org կայքի հանձնում-ընդունումն իրականացնելու և շահագործելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:–0–