Սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կատարման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ.ՍԱՏՄ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում:
Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք, հաղորդում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ինչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մասին:
Տեսչական մարմնից նաև նշում են, որ սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կատարման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ:–0–