Սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացը բարելավվում է. կառավարությունը փոփոխություններ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, առաջարկվում է համապատասխան կարգում կատարել 4 փոփոխություն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանցից մեկը խոշոր է ու ռեֆորմային:
«Նախատեսում ենք այնպես անել, որ հաջորդ տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային ու նախագծման այլ աշխատանքներն անենք այս տարի: Նպատակն այն է, որ շինարարական աշխատանքները գործնականում սկսվեն ավելի վաղ: Համայնքները մինչև հուլիսի 10-ը հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերը կներկայացնեն մարզպետարաններ: Վերջիններս էլ մինչև հուլիսի 15-ը կներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը կսահմանվի մինչև նոյեմբերի 30-ը: Դրանից հետո մինչև հաջորդ տարվա փետրվար համապատասխան նիստերը կանցկացնենք: Այդ ամենն ավարտելուց հետո հաղթողներ կլինեն ու եղանակների բարենպաստ լինելուն պես շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել: Սա կարևոր փոփոխություն է: Այս տարի դժվար կլինի, հաշվի առնելով 2022 թվականի մեծ ծավալն ու, փաստորեն, 2023-ի համար սպասվող ծրագրերը: Այս տարի ծանրաբեռնված կլինենք, սակայն մյուս տարի արդեն պրոցեսը կսկսի աշխատել», – ասել է նախարար Սանոսյանը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է խոշորացված համայնքներից ստացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Երբեմն միավորված համայնքներից ստացվում են միանման ծրագրերի մեծ փաթեթներ, սակայն տարբեր բնակավայրերին ու օբյեկտներին վերաբերող: Օրինակ՝ ջրագծի փոփոխություն է առաջարկվում 8 բնակավայրում, սակայն այն մեկ փաթեթով է ներկայացվում:
«Մենք գումարը մեկ միասնական փաթեթի համար ենք վճարում, սակայն գործնականում դա բաժանվում է լոտերի, և առանձին մրցույթ է անցկացվում: Լինում են բարեխիղճ շինարարներ, որոնք իրենց աշխատանքը պատշաճ կատարում են ու ավարտին հասցնում, լինում են շինարարներ՝ ոչ: Մենք չենք կարողանում պատշաճ աշխատանքը կատարած շինարարին վճարել, որովհետև ամբողջական ծրագրի համար ենք գումար տրամադրում, հետևաբար սպասում ենք ամբողջական ավարտին: Հիմա առաջարկում ենք կատարել փոփոխություն, որ կարողանանք իր աշխատանքը պատշաճ կատարած շինարարին ժամանակին վճարել»,- ասել է Սանոսյանը:
Հաջորդ փոփոխությունը կրկին համայնքների խոշորացմանն է վերաբերում: Համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, և չի բացառվում, որ այդ ընթացքում լինի ավագանիների ձևավորման խնդիր, ու համայնքները չհասցնեն սուբվենցիոն ծրագրերը հաստատել, ներկայացնել: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ նման համայնքներին ժամկետներից դուրս նորից դիմել:
«Մյուս փոփոխությունը գյուղական փողոցների սալարկման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետ է կապված: Փոխել ենք կառավարության աջակցության տրամադրման չափը՝ սահմանելով 50-70 տոկոս»,- ասել է նախարարը:
Կարևորելով նման փոփոխությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձում են լավարկել համակարգը, որ սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն: Այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքը կսկսվի հուլիսից: «Այնպես անենք, որ հաջորդ տարվա մարտին արդեն լինեն հաղթողներ, որ կարողանան շինարարական աշխատանքները սկսել»,- հավելել է ՀՀ վարչապետը:–0–