«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն անցնում է հատուկ ռեժիմով աշխատանքի
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում առկա կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն անցնում է հատուկ ռեժիմով աշխատանքի, նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ մուտք են գործելու միայն բժշկի մոտ խորհրդատվության ժամանող պացիենտները՝ մեկ հոգու ուղեկցությամբ: Ստացիոնար բուժում ստացող պացիենտին թույլատրվելու է խնամել մեկ հոգու: Այլ մարդկանց կողմից տեսակցությունները խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ են», – նշվում է հաղորդագրության մեջ:
ԲԿ–ից պոլիկլինիկաներին հորդորում են հետաձգել պացիենտին պլանային խիստ մասնագիտական խորհրդատվության ուղարկելը:
«Շնորհակալություն ըմբռնման համար: Պահպանենք առողջությունը», – նշել են ԲԿ–ից:
Մարտի 15–ի տվյալներով, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 դեպք։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։
Վարակվածների ճնշող մեծամասնությունը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են։–0–