Ունենք ծանր վիճակում գտնվող 65 պացիենտ, 35–ը ծայրահեղ ծանր են. Թորոսյանը` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու պարզաբանեց վերջին օրերին հիվանդացածների թվի աճը։
«Վերջին օրերի ցուցանիշները բացատրվում են քաղաքացիների շարժունակության ավելացմամբ, ինչպես նաև վարակի նոր օջախներով։ Դա տեղի է ունենում, օրինակ, հուղարկավորության ժամանակ։ Մենք պետք է հարգենք մահացածների հիշատակը, սակայն նաև պետք է հոգ տանենք կենդանի մնացածների մասին», – ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, ավելացել է նաև ծանր դեպքերի թիվը։
«Այսօրվա դրությամբ մենք արդեն ունենք ծանր վիճակում գտնվող 65 պացիենտ, 35–ը ծայրահեղ ծանր են, որոնցից ինը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ինքնին դա դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահական համակարգի համար, քանի որ մենք կարողացանք հավելյալ ռեսուրսներ մոբիլիզացնել ։ Մենք կարող ենք միաժամանակ բուժել 3000–4000 մարդ», – ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ բոլոր երկրներում կա կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկ։ Այդ պատճառով ապակենտրոն պայքարը դառնում է միակ ելքը բոլոր երկրների համար։
«Անհնար է հետևել բոլորին` պահպանում են նրանք սոցիալական հեռավորությունը, թե ոչ, պահպանում են արդյոք անձնական հիգիենայի կանոնները։ Անհրաժեշտ է հիշել, որ չպահպանելով այդ կանոնները` մենք ռիսկի տակ ենք դնում հարազատների առողջությունը», – ասաց Թորոսյանը։
Կիրակի`մայիսի 3–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2386 դեպք, 1035 մարդ առողջացել է, 35 մարդ, ցավոք, մահացել է։–0–