Վարչապետ. կորոնավիրուսի հետ կապված թույլ հույսեր կան, որ վիճակի որոշակի կայունացում ունենք. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց այնուամենայնիվ, որոշակի թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու։
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում։
«Բայց համատեքստում այս հանգամանքը մեզ պետք է ոչ թե թուլացնի, այլ հակառակը` ավելի բարձրացնի մեր զգոնությունը։ Եվ կրկին մեր բանաձևը մնում է մեկը. մեզնից յուրաքանչյուրի և ընդհանուր առմամբ հանրային պատասխանատվության մեծացումը հակահամաճարակային կանոնների պահպանման առումով», – նշեց վարչապետը։
Նա կրկին հորդորեց առօրյա կյանքում և ընդհանրապես պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։
«Վերջին շրջանում մենք բավական հաճախ դեպքեր ենք ունենում, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում թաղման, հուղարկավորության և հոգեհանգստի արարողություններում։ Եվ մենք շատ կարևոր ենք համարում հուղարկավորությունների և հոգեհագստնյան արարողությունների իրականացումը պարետատան սահմանած կանոնների համապատասխան։ Նաև ուզում ենք ընդգծել, որ կարևոր ենք համարում, որ ամուսնության արարողությունները չուղեկցվեն համաճարակային այս շրջանում պարետատն սահմանած կանոնների խախտմամբ», – նշեց վարչապետը։
Նա նաև ընդգծեց, որ շատ կարևոր է համարում հանրային աջակցությունն այս առումով, և բոլոր սգակիր ընտանիքները և պսակադրությունարարողություն ունեցող ընտանիքները պետք է համագործակցեն տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, որպեսզի մենք բոլորս համագործակցված այս իրավիճակում կարողանանք հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության։
«Շատ կարևոր եմ համարում հանրային իրազեկող խմբերի աշխատանքը, այսպես ասած հակահամաճարակային շարժման պրոցեսը, որը սկսելու կոչ արել եմ բավականին երկար ժամանակ և շատ կարևոր է, որ փոքր, մաքսիմում 2 հոգանոց խմբերը շրջեն մեր քաղաքներում, գյուղերում, փողոցներում, բակերում և մեր սիրելի հայրենակիցներին հարգալից, առանց որևէ լարվածության իրազեկեն հակահաճամարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության և կարևորության մասին, և մեր սիրելի հայրենակիցներին աջակցություն ցուցաբերեն այդ կանոնների մասին տեղեկացվածության աստիճանը բարձրանալու և քաջալերեն նրանց այդ կանոնները պահպանելու առումով», – ընդգծեց Փաշինյանը։
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:–0–