6 ամսով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» «Նորաշենի» արգելոցի և արգելավայրի տարածք

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորաշենի» արգելոցի և արգելավայրի տարածք։
«Նորաշենի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը՝ 498 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է։
Ինչպես նշում են նախարարությունից, հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացումը, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքի սահմանափակումը`հայկական որորը, որն ավանդաբար ապրում է այդ տարածքում, փոխել է ձվադրման վայրը։
«Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարությունից նշել են, որ իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։
Հայկական որորը (լատ.՝ Larus armenicus), որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն, որը բնակվում է Կովկասում և Միջին Արևելքում։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հայկական որորը բնադրում է Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում։ Թռչունների մեծ մասը ձմեռում է Թուրքիայում, Լիբանանում և Իսրայելում։ Որոշ առանձնյակներ՝ Կիպրոսում, Եգիպտոսում և Պարսից ծոցի երկրներում։ Հայկական որորները իմնականում ապրիլ ամսին դնում են 3 ձու։
Որորների կղզին գտնվում է Սևանից Գավառ տանող ճանապարհի ձախ մասում, Նորաշեն գյուղի մոտ։
Սևանա լճի ջրի մակարդակի շարունակական իջեցման պատճառով՝ 1990 թվականի վերջին որորների կղզին վերածվեց թերակղզու, որովհետև միացավ ցամաքին: Այսպիսով ընտանի անասունները, շներն ու գիշատիչները հեշտությամբ մուտք էին գործում այնտեղ ու վտանգ ներկայացնում որորների գաղութի գոյության համար: Բարեբախտաբար, հնարավոր եղավ թերակղզին արհեստականորեն առանձնացնել ցամաքային հատվածից՝ կրկին վերածելով այն կղզու: Որորներից բացի այստեղ բնադրում են նաև կարմիր, կռնչան, մոխրագույն բադերը, հոպոպն ու սովորական քարաթռչնակը։–0–