Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երևանի մանկապարտեզներում կկազմակերպվի երեխաների ընդունելություն, բայց կան սահմանափակումներ

09.02.2021, 22:46
Երևանի մանկապարտեզներում կկազմակերպվի երեխաների ընդունելություն, բայց կան սահմանափակումներ
Երևանի մանկապարտեզներում կկազմակերպվի երեխաների ընդունելություն, բայց կան սահմանափակումներ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել:

Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն:

Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի.

Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, ծնողներից մեկը մահացած է:

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:

Հերթագրված երեխաների ընդունելություն

Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:

Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:

Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության:

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ:

«Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի: Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը», – նշում են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ծնողներն ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելով մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ։

Ինչպես նշում էին ծնողները, մանկապարտեզներում ընդունելություն չի կազմակերպվում, նրանք ամենուր դիմել են`քաղաքապետարան, համայնքապետարան, մանկապարտեզներ, բոլորը տարբեր պատասխաններ են տալիս, նշում տարբեր ժամկետներ և չեն կանչում:

Ծնողների խոսքերով, կա մոտ 12 հազար երեխա, որոնք հերթի մեջ սպասում են։ Նրանք նշում են, որ այս իրավիճակը խնդիրներ է առաջացնում, և ծնողները չեն կարողանում աշխատանքի գնալ, ստիպված են տանը մնալ։–0–