Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը ժամանակավորապես փակվելու է (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող.-Դ. Անհաղթի փող. (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող.-Ազատության պող. ուղղությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) - Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը:
Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են:
«Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–