Երևանում անցկացվում է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հինգշաբթի առավոտյան կառավարության շենքի առաջ կազմակերպվել է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։
Երևանի կենտրոնում հավաքված քաղաքացիները դժգոհություն են հայտնում միջազգային փորձագիտական խմբի եզրակացության կապակցությամբ, որը հրապարակվել է նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի կայքում։ Փորձագետների գնահատմամբ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը չի պարունակում ռիսկեր շրջակա միջավայրի համար։
Ցուցարարները ձեռքում պահում են պաստառներ, որոնց վրա գրված է «Փրկեք մոլորակը», «Ոչ մի քայլ հետ Ամուլսարի հարցում» ու կառավարությունից պահանջում են թույլ չտալ Ամուլսարում հանքավայրի շահագործման վերսկսում։
Նախօրեին երեկոյան Ջերմուկում կազմակերպվել էր ինքնաբուխ ակցիա «Ամուլսարը սար է մնալու» նշանաբանի ներքո։
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Ջերմուկի մոտակայքում։ Բնապահպանները մտահոգված են, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի, իսկ ապագայում նաև` Սևանա լճի աղտոտման, ինչը կարող է առաջացնել մասշտաբային բնապահպանական աղետ` անդարձելի հետևանքներով։–0–