Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կազատվի կալանքից, կիրառվել է 10մլն դրամի գրավ

18.02.2025, 15:53
Կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կազատվի կալանքից, կիրառվել է 10մլն դրամի գրավ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Դատարանի որոշմամբ՝ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը վերացվել է:

Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք, հաղորդում է «Առաջին լրատվականը»։ 

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ 

Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։ 

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նա կալանավորվել է 2025 թվականի հունվարի 5-ին։