Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում մեկնարկել է «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի չորրորդ փուլը

18.09.2012, 16:32
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը ստորագրել են համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին UNDP մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը ստորագրել են համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին UNDP մամուլի ծառայությունից:

«Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել գործազուրկ երիտասարդներին աշխատանք փնտրելու անցումային շրջանում` տրամադրելով  անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վճարվող պրակտիկայի տևողությունը վեց ամիս է, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, գործատու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պատասխանատու կլինի մրցակցային հիմունքներով 60 պրակտիկանտների ընտրության և տեղավորման համար:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը ԵԱԱ-ի այս փուլի հովանավորն է, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդների զբաղվածությունը գլխավոր քայլերից մեկն է՝ տնտեսության, ինչպես նաև հասարակության ներսում սոցիալական հենքի պահպանման և ընդլայնման համար:

«ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն վերջին երկու տարիների ընթացքում գործընկերային հարաբերություններ են հաստատել, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները՝ կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի»,- ասել է Ներսեսյանը:

Նա նշել է, որ «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը կօգնի կանխել երիտասարդների արտահոսքը Հայաստանից՝ ավելացնելով, որ ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն ուսումնասիրում են համագործակցության հնարավոր այլ ոլորտներ ևս:

Դաֆինա Գերչևան իր հերթին նշել է զբաղվածության հետ կապված այն մարտահրավերների թիրախային արձագանքման կարևորությունը, որոնց բախվում է Հայաստանի երիտասարդությունը:

ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ:

2007-2009 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ  ծրագրի երեք փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում և պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում:

Ընդհանուր առմամբ, 118 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի 6 մարզերում, և պրակտիկանտների մոտ 50 տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից: -0-