Հայաստանում աղքատության մակարդակը 2013թ.–ին 32% է կազմել. ԱՎԾ
18.11.2014,
15:51
Հայաստանում աղքատության մակարդակը 2013 թվականին 32 տոկոս է կազմել` 2012 թվականի 32.4 տոկոսի դիմաց։ Այդ մասին երեքշաբթի ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Տնային տնտեսությունների ուսումնասիրությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աղքատության մակարդակը 2013 թվականին 32 տոկոս է կազմել` 2012 թվականի 32.4 տոկոսի դիմաց։ Այդ մասին երեքշաբթի ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Տնային տնտեսությունների ուսումնասիրությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի արդյունքները։
«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը պատրաստել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական օժանդակությամբ և մշակվել է Հայաստանի` 2008-2013 թվականների սոցիալական դրության և կենսամակարդակի փոփոխությունները գնահատելու նպատակով։
«Զեկույցի համաձայն, 2013 թվականին երկրում աղքատների թիվը մշտական բնակչության շրջանում կազմել է մոտ 967 հազար»,– ասաց նա։
Ինչպես պարզաբանեց Մարտիրոսովան, հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչ 2013 թվականին աղքատ է եղել։ Նրանցից 13.3 տոկոսը համարվում է շատ աղքատ, վերջինների թվից 2.7 տոկոսը` ծայրահեղ աղքատ։
«Շատ աղքատ քաղաքացիների թիվը կազմում է 402 հազար, նրանցից` ծայրահեղ աղքատներինը` 82 հազար»,– ասաց նա։
Փորձագետը միաժամանակ նշեց, որ ծայրահեղ աղքատության մակարդակը 2013 թվականին գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը 1.1 տ.կ.–ով, շատ աղքատ բնակչության ցուցանիշը` 0.7 տ.կ.–ով, իսկ աղքատության մակարդակը, ընդհանուր առմամբ` 4.4 տ.կ.–ով։
«2013 թվականին աղքատության խորությունը կազմում էր 5.9 տոկոս 2008 թվականի 5.1 տոկոսի դիմաց, իսկ աղքատության սրությունը գնահատվում էր 1.7 տոկոս 2008 թվականի 1.4 տոկոսի դիմաց»,– ասաց նա։
Մարտիրոսովայի խոսքով` քաղաքային և գյուղական բնակավայրերի աղքատության մակարդակի տարբերությունը 2013 թվականին մեծ չէ` գյուղական համայնքներում տվյալ ցուցանիշը կազմում է 31.7 տոկոս, քաղաքայիններում` 32.2 տոկոս։
Զեկույցի հիմքում ընկած են 48 քաղաքների և 202 գյուղերի 5184 տնային տնտեսությունների կենսամակարդակի ամփոփ հետազոտության արդյունքները։ -0-