Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Ավելի քան 22.6 մլն դոլար է հավաքվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում

29.11.2013, 13:22
«Դեպի Արցախ» կարգախոսով Լոս Անջելեսում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել և խոստացվել է 22 661 372 դոլար։
Ավելի քան 22.6 մլն դոլար է հավաքվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Դեպի Արցախ» կարգախոսով Լոս Անջելեսում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել և խոստացվել է 22 661 372 դոլար։

Հավաքված միջոցները հիմնականում կուղղվեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կապող Վարդենիս–Մարտակերտ ժամանակակից ավտոճանապարհի կառուցմանը։

Հեռուստամարաթենի նախաշեմին` նոյեմբերի 21-24-ը Ֆրանսիայում կայացած համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել էր 1 միլիոն 460 հազար եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Ֆրանսիայի հայ համայնքի կողմից նվիրաբերված գումարներով կշարունակվի համայնքային կենտրոնների կառուցումը Լեռնային Ղարաբաղում և աջակցությունը մեր սիրիահայ հայրենակիցներին, իսկ Հայաստանում կընդլայնվեն գյուղատնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները Տավուշի մարզում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:

Գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը կառուցել է ավելի քան 476 կիլոմետր ճանապարհ, 517 կիլոմետր ջրատար, 144 կիլոմետր գազատար, 70 կիլոմետր էլեկտրական լար։

Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել և բարեկարգվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 բնակելի տուն, 70 առողջապահական հաստատություն, 53 մարզական և մշակութային կենտրոն։ Իրագործվել է ավելի քան 159 ծրագիր կրթության, գիտության և մշակույթի ոլորտում։

2012 թվականի հեռուստամարաթոնի ընթացքւոմ ընդհանուր առմամբ զոհաբերվել և խոստացվել էր ավելի քան 21.4 մլն դոլար, որոնք ուղղվել են Արցախի գյուղական շրջանների համայնքային կենտրոնների կառուցմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրների լուծմանը։

Ընդհանուր առմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում 20–ամյա գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 235.8 մլն դոլարի ծրագրեր։ -0-