Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նախարար.թեստավորումը կարող էինք դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ (ՎԻԴԵՈ)

16.09.2021, 14:21
ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանել է` ինչու աշխատակիցները պետք է ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնեն.ՎԻԴԵՈ
Նախարար.թեստավորումը կարող էինք դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1–ից ուժի մեջ մտնում է պահանջը ժամանակ առ ժամանակ հավաստելու վարակակիր չլինելու փաստը։

Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկվեն ամբողջության մեջ, որևէ մի միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը։

«Բայց համադրության մեջ, երբ ստեղծվում են մի շարք ֆիլտրեր, հնարավոր է դառնում զսպելու վարակի տարածումը։ Նման ֆիլտր է ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։ Իհարկե, սա 100 տոկոսով չի բացառում հիվանդ մարդու մուտքը երկիր, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել։ Բայց շատ մեծ տոկոսով նվազեցվում է ՀՀ վարակի նորանոր ներթափանցման դեպքերը։ Նույն կերպ 14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մի ֆիլտր է։ Այո, կարող էինք գնալ 3, 5, 1 օրը մեկ թեստավորման, բայց մենք վերցրել ենք ռացիոնալ, ինկուբացիոն շրջանի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը», – ասաց Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով, բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և հակացուցում ունեցող քաղաքացիները։

«Հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք, և լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ։ Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրացում, բժիշկը նրան կտա տեղեկանք, և քաղաքացին պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել։ Եթե սրացման ընթացքն անցնի, նա կարող է պատվաստվել։ Կանոնը հավասարապես գործում է բոլորի համար` թե հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե մասնավոր, թե պետական համակարգի աշխատակիցների համար։ Որևէ տարբերակում հրամանի մեջ դրված չէ», – ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ պետական ապարատում կա պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ։

Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ներդրվում է պահանջ, ըստ որի` աշխատողները պետք է 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքը, կամ պատվաստվեն, հակառակ դեպքում գործատուն կտուգանվի, նա նաև իրավունքի ունի աշխատանքից ազատել աշխատողին։–0–