Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Հայաստանում անտառային հրդեհների թիվն այսօր հասել է 40-ի. գլխավոր անտառապահ

07.06.2012, 17:46
Հայաստանում անտառային հրդեհների թիվն այսօր հասել է 40-ի, հինգշաբթի հայտնեց «Հայանտառ» պետական ոչ առևտրական կազմակերպության գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում անտառային հրդեհների թիվն այսօր հասել է 40-ի, հինգշաբթի հայտնեց «Հայանտառ» պետական ոչ առևտրական կազմակերպության գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը:

«2012 թվականին արդեն 40 հրդեհ է գրանցվել 186 հա տարածքում  ողջ 2011 թվականի ընթացքում 472 հա տարածքում գրանցված 53-ի դիմաց, ընդ որում ամենահրդեհավտանգ տարածքներն են Սյունիքի և Լոռու մարզերը»,- հայտնեց Պետրոսյանը: 

Գլխավոր անտառապահի խոսքով՝ հիմնականում բոլոր հրդեհները մարդկանց և, մասնավորապես, գյուղացիների` անտառներին հարող արոտավայրերում խոտ այրելու ժամանակ անզգուշության արդյունք է:

Պետրոսյանը նշեց նաև, որ անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, այլ նաև նրանց զինել անհրաժեշտ տեխնիկայով: 

«Վերջին 12 տարիներին այրվել է 2500 հեկտար անտառ, ընդ որում 1500 հեկտարը` վերջին 3-4 տարիների ընթացքում»,- ասաց Պետրոսյանը: 

Նա միաժամանակ ընդգծեց, որ վերջերս պիլոտային ծրագիր է իրականացվել հրդեհավտանգ Սյունիքի մարզում, որտեղ աշխատել են արագ արձագանքման երեք խմբեր: Տվյալ ծրագիրը նպաստել է նրան, որ երկու տարիների ընթացքում այս տարածքում չի արձանագրվել ոչ մի հրդեհ: 

«Ներկայում մենք մի շարք դրամաշնորհային ծրագրեր ենք իրականացնում անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ: Այսպես, Հայաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ մենք մշակում ենք անտառային հրդեհների կանխարգելման 2013-2015 թվականների ծրագիր: Այս ծրագիրը կներկայացվի կառավարությանը»,- նշեց Պետրոսյանը: 

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանն իր հերթին նշեց, որ հայկական անտառային օրենսգրքում մի շարք թերություններ կան անտառային հրդեհներին վերաբերող կետերի մասով: 

«Հայաստանի անտառային օրենսդրությունում գոյություն ունի անտառային հրդեհներին վերաբերող ընդամենը մեկ բաժին, որը, իր հերթին, ավելի դեկլարատիվ բնույթ է կրում»,- ասաց Վարդանյանը: 

Ըստ նրա՝ հրդեհավտանգ կարող է դառնալ անտառային ցանկացած տեղանք՝ անկախ  դիրքից: 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանի անտառային զանգվածները զմաղեցնում են մոտ 332 հազ. հա տարածք` 1993 թվականի համեմատ կրճատվելով 11.17 տոկոսով: -0