Կառավարությունը 440 մլն դրամ է հատկացրել Սյունիքում 40 կրթահամալիր ստեղծելու համար
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից և 440 մլն 290 հազար դրամ ուղղել ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրի ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:
Հիմնավորման համաձայն՝ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել կրթահամալիրներ: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։
Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեով նախատեսված է եղել գումար Կապանում 3 կրթահամալիրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն հաշվի առնելով, որ ծրագրի նպատակների իրագործման առանձնահատկություններն են՝ փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը, տեղի ունեցան նոր քննարկումներ և այցեր, որոնց արդյունքում վերանայվեց ընդհանուր Սյունիքի մարզի կրթահամալիրների ցանկն ու կրթական կենտրոնները:
Ներկայումս նախատեսվում է ստեղծել թվով 40 կրթահամալիր, որից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքում: Որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել ինչպես ՆՆՓ ձեռքբերման, այնպես էլ դրանց տեղակապման և փորձաքննության համար: Կրթահամալիրները բաժանվել են 4 խմբի՝ ըստ հզորությունների և տիպի: Ընդհանուր կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնք արդեն կառուցման փուլում են, և Տեղի թիվ 1 դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու են կրթահամալիրների:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը երկար քննարկվել է և այժմ անցում է կատարվում դրա իրագործմանը. «Հիմա մենք արդեն նախագծման աշխատանքներն ենք իրականացնում՝ Սյունիքի մարզում կրթահամալիրների, ներառյալ ճանապարհների, տրանսպորտային միջոցների: Խոսել էինք այն մասին, թե վարորդներն ինչ արտաքին տեսք, որակավորում պիտի ունենան, միկրոավտոբուսներն ինչ չափանիշների պետք է համապատասխանեն, ճանապարհներն ինչ վիճակում պետք է լինեն և այլն»:
Կառուցվող մոդուլային դպրոցների հետագայում ոչ լիարժեք ծանրաբեռնված լինելու հարցի լուծումը վարչապետը տեսնում է այդ դպրոցների շուրջ համայնքների զարգացման ծրագրերի իրականացմամբ:
«Կոնկրետ այն համայնքներում, որտեղ մենք նման դպրոց ենք կառուցում, ուզում ենք հասկանալ, թե ինչ անենք, որպեսզի մեր գյուղական բնակավայրերի բնակչությունը ոչ թե նվազի, այլ ավելանա: Մենք պետք է պատշաճ պայմաններ ստեղծենք: Այս առումով դպրոցը, նախակրթարանը կամ մանկապարտեզը առանցքային նշանակություն ունեն: Կարևոր նշանակություն ունեն նաև ամբուլատորիաների կառուցման և վերականգնման ծրագրերը: Ամբուլատոր ծառայությունները և կրթական ծառայությունները պարտադիր չէ հենց նույն տեղում լինեն, բայց հասանելիության որոշակի միջավայր պետք է ապահովենք և նաև մեր ծրագրերով խթանենք ահա այսպիսի բնակավայրերում մարդկանց բնակվելը: Արդեն հանձնարարականներ տվել եմ: Մենք նաև բնակարանների գնման վկայագրերի տարբեր ծրագրերով ենք դա խթանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ դպրոցները և առողջապահության առաջնային պահպանման օղակները պետք է դառնան այդ գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարերը, որի ուղղությամբ պետությունը հսկայածավալ կապիտալ ներդրում է անում:
«Դպրոցների շենքերը պետք է դառնան նաև համայնքային կյանքի կենտրոններ՝ երեխաների դասապրոցեսից հետո: Այնտեղ ժամանակակից դահլիճներ կան, ինչը շատ ուրախալի է: Կանանց տնտեսական ակտիվացման, գյուղատնտեսության ոլորտի կառավարման թեմաներով, ինչպես նաև մշակութային ծրագրեր պետք է իրականացնենք: Այսինքն՝ այդ գյուղերն պետք է դարձնենք այնպիսի տեղ, որտեղ ապրելն իսկապես հարմարավետ է»,-ասել է կառավարության ղեկավարը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:37 06.04.2023