Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հաստատվեց ապրիլյան քառօրյա և 44–օրյա պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը, հատկացվել է շուրջ 136մլն դրամ

21.07.2022, 13:15
Պիլոտային ծրագիրն իրականացվելու է այս տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում, շահառուներ կդառնան մոտ 200 մարդ
Հաստատվեց ապրիլյան քառօրյա և 44–օրյա պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը, հատկացվել է շուրջ 136մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 136մլն 600 հազար դրամ։ Այն նախատեսում է աջակցության երեք ուղղություն` պրոֆեսիոնալ ուսուցում (1մլն 20 հազար դրամ` 1 մարդու համար), աշխատանքային փորձի ձեռք բերում (729 հազար դրամ)։

Պիլոտային ծրագիրն իրականացվելու է այս տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում, շահառուներ կդառնան մոտ 200 մարդ։

Նախագծով առաջարկվում է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։

Ծրագրի իրականացման պարտադիր պայման է առաջարկվում թափուր աշխատատեղի առկայությունը, և ծրագրի ավարտից հետո ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ, գործատուն ներկայացնում է այդ աշխատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։

Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և առաջարկում՝

1) իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ կամ

2) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձառություն 3 ամիս տևողությամբ կամ

3)  կնքել աշխատանքային պայմանագիր՝ ստանալով միանվագ փոխհատուցում։

Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝

1) ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով.

2) կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ հիմքում ընդունելով ներկա պահին հաշվարկված զուտ մեդիան աշխատավարձի չափը, որը կազմում է շուրջ 140000 դրամ։

Սույն ծրագրին կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող այն գործատուն, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:

Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն կազմակերպելու դեպքում գործատուին առաջարկվում է տրամադրել փոխհատուցում`

1) շահառուի աշխատավարձի վճարման համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով.

2) շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար, երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով։

Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում 300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկ անձի հետ:Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին՝ գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո 20 օրվա ընթացքում կամ գործատուի հայեցողությամբ՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային հարաբերությունները 12 ամիս անընդմեջ շարունակվելու դեպքում՝ 12-րդ ամիսն ավարտվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։–0–