ՀՀ–ում 50 անգամ կբարձրանա քաղաքացիություն ստանալու տուրքը, քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը կբարձրանա 4 անգամ՝ մինչև 100 հազ․ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել փոփոխությունների փաթեթին, որը նախատեսում է ՀՀ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու պետական տուրքի բարձրացում։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ տուրքերի գործող դրույքաչափերը սահմանվել են 30 տարի առաջ և դրանից հետո չեն փոխվել։
Առաջարկվող փոփոխություններով քաղաքացիություն ստանալու համար վճարը հազար դրամից դառնում է 50 հազար դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 25 հազար դրամից 100 հազար դրամ։
Փոփոխությունները նախատեսում են նաև քաղաքացիություն ստանալու գործընթացների թվայնացում, ինչը, ըստ նախարարի, կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։ Մասնավորապես, նշվում է, որ փաստաթղթերը պետք է նախապես թվային եղանակով ուղարկվեն իրավասու մարմին, որից հետո դրանք կանցնեն ստուգում և միայն դրանից հետո դիմորդները կկարողանան հերթագրվել։
Նախարարի խոսքով՝ փաստաթղթերի նախնական ստուգումն անհրաժեշտ է այն պատճառով, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացիներն ունեցել են կեղծ փաստաթղթեր, մասնավորապես ծննդյան վկայականներ, և չեն իմացել այդ մասին։
Նշվել է նաև, որ պետական տուրքի վերանայումն առաջարկվում է չտարածել փախստականների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող հայրենակիցների նկատմամբ: Առաջարկվում է փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից:
Օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո 10 ամիս անց՝ պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքներով։